Անվան ստուգաբանություն
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկ նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Հին Խնձորեսկ
Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով։ Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ-տեղ վեր են բարձրանում 100 - 120 մ բարձրության ժայռեր։ Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից։ Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում, XIX-րդ դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX-րդ դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Ս. Հռիփսիմե, Ս. Թաղևոս, Անապատի և Հին։
Խնձորեսկ
Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները:
Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այդտեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ: Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300: Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։
Ճոճվող կամուրջ
Խնձորեսկը տուրիզմի տեսանկյունից ավելի հայտնի դարձավ ճոճվող կամուրջի բացումից հետո: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու ափերը: Կամուրջի բացումը եղել է 2012 թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն (ընդհանուր քաշը` 14 տոննա): Ճոճվող կամուրջի կառուցումը իրականացրել է Խնձորեսկցի բարերար Ժորա Ալեքսանյանը նվիրելով այն ծնողներին և Հին Խնձորեսկի արժանապատիվ նախնիների սրբազան հիշատակին:
Մխիթար Սպարապետ
Ծնվ. XVII դ. վերջ, Գանձակ, Գարդմանք։ Մահ. մոտ 1729/1730թ., գ. Խնձորեսկ (այժմ՝ ՀՀ Այունիքի մարզում)։
XVIII դ. 20-ական թթ. հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից, Դավիթ Բեկի մերձավոր զինակիցը։
Մասնակցել է Դավիթ Բեկի գլխավորած կռիվներին, իսկ նրա մահից հետո ինքն է ղեկավարել պայքարը։
Ընտրվել է Կապանի իշխան, օսմանյան բանակների դեմ պայքարի նպատակով զորակցության աղերսագիր-ուղերձ է հղել ռուս, արքունիք։
1727-ին հարձակվող թուրքական ուժերի դեմ կազմակերպել է Հալիձորի պաշտպանությունն ու հակագրոհը, ապա փայլուն հաղթանակ տարել Մեղրու մոտ։
Նպատակադրվելով հայ-պարսկական միացյալ ճակատ ստեղծել Թուրքիայի հարձակումների դեմ՝ Պարսկաստանի Թահմազ II շահը, ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի հաղթանակների տպավորության ներքո, ճանաչել է Սյունիքի հայերի անկախությունը։ Սակայն թուրքական մեծաքանակ զորքերի ընդհանուր հարձակման հետևանքով ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏի գլխավորած ազատագրական ուժերը, ի վերջո, մատնվել են անհաջողության՝ խորացնելով սկիզբ առած ներքին տարաձայնությունները։ ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏը ստիպված հեռացել է Հալիձորից և ամրացել Խնձորեսկում, որտեղ և դավադրաբար սպանվել է հայրենակիցների ձեռքով։
ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏին է նվիրված Ս. Ն. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հույսի աստղ»կինոնկարը։
No comments:
Post a Comment