Friday, March 21, 2014

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Հետաքրքիր նամակ է, խորհուրդ կտաի, որ կարդաք: Հատկապես ինձ շատ է դուր եկել: Ի՞նչ եք կարծում արդյո՞ք ճիշտ է, որ հայրիկը նամակ է գրում, չի զանգում կամ էլ չի գալիս իր փոքրիկին (ճուտիկին) տեսնելու ու այդքանը ասելու և ի՞նչ եք կարծում արդյոք հայրիկը պետք է ամաչի իր հրաշք բալիկից: Հիմա ինքս, կփորձեմ իմ հարցերին պատասխանել: Չէ, համամիտ չեմ, էդպես ճիշտ չի, չէ՜ ճիշտ, ու՜ֆ, չեմ կողմնորովում, հիմա կասեմ թե ինչու: Ընտրեցի երկու տարբերակ, որովհետև համ սխալ է համ ճիշտ.... Սխալ է, որովհետև ինչ իմաստ նամակ գրելու, եթե կարող ես տեսնել, դեմ-դիմաց կանգնել ու զրուցել ամենքի  հետ, իսկ, եթե նամակ չգրեր հիմա ես այս հոդվածը չէի գրի, իսկ ինչ վերաբերվում է ամաչելուն ......Դե՜ հասկանում ե՞ք, ախր  ամենքի հետ կարող է պատահել, ամենքնել իրավունք ունեն ամաչելու, չէ որ դա է կյանքի օրենքներից մեկը: Օ՜հ այո ճիշտ է, Ֆրենսիս Ֆիցջերլանդ համամիտ եմ քեզ հետ իհարկ՛ե կյանքում ոչ երջանկություն կա ոչ դժբախտություն դրանք միայն գրքերում ու կինոներում է լինում հա՛ ես քեզ հետ համամիտ եմ: Իմ կարծիքով դու շատ լավ հայրիկ ես քո ՃՈՒՏԻԿի համար:
Սիրով՝Արփի Սահակյան

Մենք մանկական երկաթուղում



Wednesday, March 19, 2014

Հետաքրքիր պատմություն՝պատմում է Եղիշե Չարենցի մանկության ընկերը


Ես աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն էլ նայում:
Հանգստացնում էի:
- Եղիշ, – ասում էի, – Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:
Քիթը կնճռոտում էր:
- Այ Աղասի, – ասում էր, – աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ, տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:
Էլի էի հանգստացնում:

- Դարդ մի արա, Եղիշ ջան, – ասում էի, – կմեծանաս՝ կգեղեցկանաս:

- Խե՞նթ ես, – քմծիծաղում էր:

– Այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:

Մի անգամ, նման խոսակցությունից հետ, հենց էնպես, հարցրի.

- Եղիշ, իսկ փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:Խնդաց:

- Խելքս հացի հետ չեմ կերել, – պատասխանեց:– Փորձեմ, որ խայտառակվե՞մ:

Էսպես խոսում էր, ինչպես ասացի, երբ մնում էինք երկուսով: Ուրիշների, մանավանդ աղջիկների ներկայությամբ, գլուխը բարձր էր պահում, քիթը՝ ցից, կեպին՝ ավելի ծռած, իբր, տեսեք ու իմացեք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որևէ տղայի ու աղջկա իրար հետ մենակ զբոսնելիս տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան, և շպրտում.

- Էրնեկ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային թողած, Եղիշե Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Եվ ահա մի անգամ էլ էդ Եղիշե Չարենցը բռնացրեց ինձ, թե.

- Ալայան, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:

Ունքերս իրար տվի:

- Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:

- Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա, – պետքս էլ չի:Բանաստեղծություն կնվիրեմ, և վերջ: Սերս թե կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Քնել չի լինում …

Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,

Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:

Սերը անպատասխան մնաց:Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել, երբ մի խումբ աշակերտ–աշակերտուհիներ, հավաքված քաղաքային այգում, հանգիստ զրուցում էինք մեզ համար, ասում-խոսում: Մեկ էլ ասես գետնի տակից, բուսավ Չարենցը, արագ մոտեցավ ինձ ու, ոչ էս, ոչ էն, բռնեց օձիքս:

Լյուսիի հետ մոտ ես, հա՞, – բարձրացնելով բռունցքված ձեռքը, գոռաց նա,–հիմի ես քեզ մոտիկություն ցույց կտամ:

Տղաների օգնությամբ մի կերպ ազատեցի օձիքս, իսկ Լյուսի Թառայանը, որ աղջիկների մեջ էր, դուրս եկավ տեղից, առաջացավ ու քիփ կանգնեց Չարենցի դեմ-դիմաց. ոնց որ՝ քիթ քթի:

- Եղիշ, – ասաց, – Աղասուն հանգիստ թող. ոչ նա է ինձ մոտ, ոչ ես՝ նրան: Ես ոչ ոքի հետ էլ մոտ չեմ: Իմացիր, քեզ հետ էլ չեմ ուզում մոտ լինել:

Չարենցը, որ աղջկա էդ խոսքից վիրավորված զգաց իրեն, քիչ ետ կանգնե ու ոտից-գլուխ չափեց նրան:

- Չես ուզում, մի էլ ուզի, – վեր ցցելով գանգուրները, ասաց նա: – Զարմացրի՛ր: Դու էլ հավատացիր, թե սիրո՞ւմ եմ քեզ: Չեմ սիրում: Ոչ մեկին էլ չեմ սիրում: Հետո եմ սիրելու: Իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Ասաց ու գլուխը՝ բարձր, կեպին՝ ծուռ, թողեց հեռացավ:Երեկոյան երևաց մեր տանը:

- Այ տղա, – ներողություն խնդրողի պես, խոսեց նա, – ցերեկը դու էլ կարծեցիր, թե իսկապես խփելու եմ քեզ: Ավազա՞կ եմ, ինչ է: Էդ հարայ-հրոցը բարձրացրի, իմանալու՝ Լյուսին ինչ կասի: Բան էլ չասաց: Տերն իր հետ:

Հանկարծ փռթկացրեց:

- Համա՜ սեր բացատրելու ձև էի գտել, հա՜:

Էլի օրեր անցան:Եվ ահա նորից բռնացրեց ինձ:

- Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:Ունքերս էլի իրար տվի:

- Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:

- Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա: – Պետքս էլ չի: բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Էդ սերն էլ անպատասխան մնաց: Վշտացավ:

- Էլի բան դուրս չեկավ, – ասաց դառնացած:Քիչ անց ասես գտավ իրեն:

- Այ տղա, – վրա բերեց , – ի՜նչ լավ է, որ դու կաս, թե չէ, թամամ կխայտառակվեի Կարսում: Սերս քեզ հայտնելուց հետո, սիրտս հանգստանում է, ու ես քաշվում եմ մի կողմ: Բանաստեղծություններին մի նայիր, ի՜նչ բանաստեղծ, որ աղջիկ չերգի, սեր չերգի: Մի րոպե լռեց:

- Գիտե՞ս ինչ, – ավելացրեց, – երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Մի օր եկավ այդ սերը:

Սովետական տարիներն էին: Պետությունը որոշել էր պետական թատրոն ու ստուդիա ունենալ: Եղիշե Սողոմոնյանն էլ արդեն Եղիշե Չարենց էր: Մանկության ընկերները կրկին հանդիպում են, Աղասին` որպես դերասան, Չարենցը` Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Որոշում են նշել այդ պատմական օրը: Երեկույթը տեղի էր ունենալու Վարդան Միրզոյանի տանը: Հավաքույթին շուք տալու համար դրսից մարդ են հրավիրում, նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել դրամատիկական ստուդիայի ստեղծման հետ: Իհարկե, հրավիրվածների մեջ առաջին հերթին պետք է լիներ Եղիշե Չարենցը՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչը:

Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:

- Տղաներ ու աղջիկներ, – սկսեց նա, – հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ …

Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:

- Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:

- Չարենց, արի նստիր կողքիս:

- Եղիշե, ինձ մոտ:

Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:

- Աղասի Ալայանը էստե՞ղ է:

Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:

- Էստեղ եմ, Եղիշ, – անհամարձակ ձեն տվի ես:

Աչքը գցեց վրաս:

- Էստեղ ես, հա՞, – ասաց: – Շուտով չես լինի:

Սիրտս վատ բան գուշակեց:Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:

- Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, – էլի ասաց նա:

Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:

- Կանգնիր էդտեղ, – ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:

Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:

- Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, – ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: – Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:

Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:

- Հիմի դու քոնը կստանաս:

Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:

- Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:

Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.

- Եղի՛շ:

Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:

- Եղի՛շ, – կրկնեց, – ինձ նայիր:

Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:

- Չէ, ոչ էդպես, – նկատեց Արփիկը: – Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:

Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:

- Արփի՛կ, – իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, – ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար:– Նորից գլուխը կախեց:

– Ներիր, Արփիկ ջան:

Դարձավ դեպի ինձ:

- Դու էլ ներիր, Ալո ջան:

- Անաստված, – բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, – մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:

Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:

- Ինչե՞ր ես դուրս տալիս, – բացականչեց նա: – ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:

Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:

- Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, – հազիվ կարողացավ ասել նա:

Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան
​: