Բարևս էս անգամ Մարտունիից է... Արթնացանք, նախաճաշեցինք, գնացինք Մարտունու թիվ 1 դպրոց: Այնտեղ բոլորս բաժանվեցինք տարբեր խմբերի, ու ամեն մի խմբում մեզնից մեկը սովորեցնում էր, թե ինչպես է ֆիլմ ստեղծվում։ Մեր աշակերտները խելոք լսում էին, ոմանք` լուռ, իսկ ոմանք հարցեր էին տալիս անընդհատ: Իսկ հետո, երբ վերջացրինք,
հետ գնացինք մեր հյուրանոց ու մի լավ ճաշեցինք, քանի որ երկար ճանապարհ պետք է
անցնեինք դեպի Ճարտար գյուղ: Էնտեղ էլ հաց կերանք, հետո սկսեցինք բանահավաքություն
անել… Մի մեծ պապիկ էր ապրում այդ գյուղում, նա պատերազմի մասնակից էր ու ուներ
ուրախ, իրեն սիրող ու հարգող ընտանիք (արտաքինից էլ դա զգացվում էր)։ Դրանից հետո
մի քանի տատիկներից էլ վերցրեցինք հարցազրույց, բայց քանի որ ժամանակ չկար, արագ
գնացինք ու նստեցինք ավտոբուս, որ գնանք Ամարաս: Մտանք Ամարասի եկեղեցի. պարզվեց` մի մեծ պապիկի ծնունդ է, որը ճանաչում էր տիար Բլեյանին ու լիքը բարևներ էր ուղարկում : Եկեղեցու կողքին կար ջրհոր, իսկ եկեղեցու շուրջը եղել էր հի՛ն գրադարան։ Այն ավելի շատ նման էր բավիղի: Էնտեղ նկարներ արեցինք ու գնացինք առաջ:
Ստեփանակերտում կրկին կանգ առանք և քանի որ սոված էինք, կերանք թարմ ու շա~տ համով ժինգյալով հաց: Ճաշից հետո քայլեցինք Ստեփանակերտով ու համարյա թե քաղաքը ոտքի տակ տվեցինք... Ասեմ, որ հետաքրքիր, գեղեցիկ քաղաք էր, այնտեղի արձանները (բոլորը) ինձ շատ դուր եկան. մի տեսակ արտասավոր բան կար… գուցե և սերը կամ հոգին էր այդ արտասովոր բանը: Երբ վերջացրինք քայլելը Ստեփանակերտում, շարժվեցինք դեպի Շուշի։ Այնտեղ բաժանվեցինք խմբերի, տեղավորվեցինք տներում։ Մենք` ես ու Լիլիթը, ծանոթացանք մեր տանը ապրող բարեհամբույր մարդկանց հետ։ Այդ տանն ապրում էին 4 հոգով` մայր, հայր ու 2 աղջիկներ, մեծի անունը` Վերոնիկա, փոքրի անունը` Անժելիկա... Վերոնիկան 10 տարեկան էր, Անելիկան` 8… Ընթրեցինք ու միանգամից քնեցինք:
No comments:
Post a Comment